Բավ է պառակտվել
25-05-2021 20:58

Նախագահը երկրորդ անգամ կոչ է արել ​​ուժային կառույցներին ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ-ին սպառնացող ոտնձգությունների

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հորդրոել է պետկառույցներին ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների։

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում մայիսի 25-ին, ժամը 14:20-ի սահմաններում, զենքի օգտագործման դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես, հակառակորդը կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը։

«Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ»։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ: Մասնավորապես, Սյունիքում ՝ Սև լճի հատվածում, շուրջ 200 ադրբեջանցի զինվոր 3-3,5 կմ առաջ է շարժվել Գորիսի մոտակայքում գտնվող Վերիշեն բնակավայրի ուղղությամբ: Ադրբեջանի զինուժի առաջխաղացման և ագրեսիվ գործողությունների պատճառով Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի տեղաբնակները զրկվել են արոտավայրերից և ջրամբարներից օգտվելու հնարավորությունից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պահանջում է, որ Ադրբեջանի զինված ուժերը անհապաղ վերադառնան իրենց ելման դիրքերը և զերծ մնան ՀՀ ինքնիշխան տարածքի ոտնձգություններից: ՀՀ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի զինուժի գործողություններն անվանել է անընդունելի «ոտնձգություն հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», իսկ ավելի ուշ դիմել Ռուսաստանին՝ ռազմական օգնության, իսկ ՀԱՊԿ-ին՝ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին են միացել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներն, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։