Բավ է պառակտվել
26-01-2022 12:26

ԱՄՆ նախագահը չի բացառել Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում։
Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարին հարց է տրվել, տեսնում է արդյոք նա Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառման հնարավորություն ռուսական ուժերի ներխուժման դեպքում։ «Այո,- պատասխանել է Բայդենը,- տեսնում եմ»։
«Ես վաղուց եմ նախագահ Պուտինին հստակ հասկացրել, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում կլինեն ծանր հետևանքներ, այդ թվում՝ զգալի տնտեսական պատժամիջոցներ, և ես նաև անհրաժեշտ կհամարեմ մեծացնել մեր ներկայությունը, ՆԱՏՕ-ի ներկայությունը արևելյան թևում՝ Լեհաստան, Ռումինիա և այլն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարության դեմ ԱՄՆ-ում առաջարկվող պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների խզման։ «Դա մեր հասկացողության սահմաններից դուրս է»,- ասել էր նա։
Մինչ այդ, մի ​​խումբ դեմոկրատներ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ, ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատին էին ներկայացրել իրենց օրինագիծը՝ լարվածության աճի դեպքում Ռուսաստանի դեմ սահմանափակումների մասին, որը կոչվում է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանություն 2022 թվականի օրենք»։ Այն ենթադրում է պատժամիջոցների կիրառում ՌԴ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների դեմ։ Բացի այդ, սահմանափակող միջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա։ Նույն օրինագիծը հետագայում ներկայացվեց նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է լարվածության դատարկ և անհիմն սրացում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղարը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան լրջագույն հետևանքներ։