Բավ է պառակտվել
24-10-2021 19:50

Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է արտաքսել ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և ևս յոթ երկրի դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին «պերսոնա նոն գրատա» ճանաչել ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և րս յոթ երկրի դեսպաններին։ Նրանք կոչ էին արել ազատ արձակել ֆիլանտրոպ և իրավապաշտպան Օսման Քավալային։

«Ես անհրաժեշտ հրահանգ եմ տվել մեր արտգործնախարարին և ասել, որ թե ինչ է պետք անել․ այդ տասը դեսպանը պետք է անհապաղ «պերսոնա նոն գրատա» հայտարարվեն, անմիջապես լուծեք այդ հարցը»,- Էրդողանի խոսքերն են փոխանցում աշխարհի գործակալությունները, որոնք նա ասել է շաբաթ օրը Էսքիշեհիր քաղաքում իր ելույթի ժամանակ։

ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի դեսպանները հոկտեմբերի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել ազատ արձակել ֆիլանտրոպ և իրավապաշտպան Օսման Քավալային։ Դրանից անմիջապես հետո նրանք հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ։
64-ամյա Օսման Քավալան թուրք գործարար, ֆիլանտրոպ և իրավապաշտպան է, ով ֆինանսավորել է բազմաթիվ մշակութային և իրավապաշտպան նախագծեր իր երկրում և մասնակցել դրանց աշխատանքներին։ Նա, մասնավորապես, աշխատել է թուրք մեծամասնության հաշտեցման շուրջ Թուրքիայի հայ և քուրդ փոքրամասնությունների հետ։
2017թ․ նոյեմբերի Քավալան ձերբակալվել է 2013 թվականին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույցեր կազմակերպելու և 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Թուրքիայի դատախազությունը եզրակացրել էր, որ 2013 թվականի բողոքի ցույցեր ետևում կանգնած է նաև ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսն, ում աշխարհի շատ ավտորիտար ղեկավարներ սիրում են մեղադրել իրենց դեմ դավադրության մեջ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հիշատակել է Սորոսին շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում։
«Քավալա անունով մարդը Սորոսի մասնաճյուղն է Թուրքիայում։ Տասը դեսպան նրան միջնորդում են նրա համար արտաքին գործերի նախարարությունում։ Ինչպիսի՛ անամոթություն»,- ասել է Էրդողանը։
2020 թվականի փետրվարին Քավալան արդարացվեց դատարանի կողմից 2013 թվականի բողոքի ակցիաների գործով, բայց այդպես էլ ազատ չարձակվեց, քանի որ դատախազությունը պահանջեց կալանավորել նրան մեկ այլ հոդվածով, իսկ ավելի ուշ ավելացրեց լրտեսության մեջ մեղադրանքը։
Քավալան անցյալ շաբաթ բանտախցից Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասաց, որ իրեն զգում է գործիք, որի միջոցով քսան տարի Թուրքիան կառավարող Էրդողանը փորձում է օտարերկրյա գործակալնե ներկայացնել րընդդիմադիր գործիչներին:
2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քավալայի ձերբակալությունը ճանաչեց որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում և թուրքական իշխանությունների փորձ՝ «լռեցնել ՀԿ-ի ակտիվիստին և իրավապաշտպանին, վախեցնել մյուսներին նման գործունեություն ծավալելուց և կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը երկրում»։
Այս տարվա սեպտեմբերին Եվրախորհուրդը Թուրքիային ժամանակ տվեց մինչև դեկտեմբեր՝ ազատ արձակելու Քավալային մինչև դատավարությունը։ Հակառակ դեպքում Եվրախորհուրդը սպառնում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Անկարային։
Գերմանիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Reuters-ին Էրդողանի խոսքերը, միայն հայտնել է, որ «ինտենսիվ խորհրդակցություններ» է անցկացնում մյուս ինը երկրների հետ։
Նորվեգիայի ԱԳՆ-ից գործակալությանը հայտնել են, որ Անկարայում Նորվեգիայի դեսպանությունը դեռևս որևէ տեղեկություն չի ստացել թուրքական իշխանություններից դեսպանի արտաքսման մասին։
«Մեր դեսպանը չի արել որևէ բան, որն արժանի է արտաքսման: Մենք կշարունակենք կոչ անել Թուրքիային հարգել ժողովրդավարական նորմերը և օրենքի գերակայությունը, որոնք նա ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան», - ասել է գործակալությանը Նորվեգիայի ԱԳՆ խոսնակ Թրուդե Մասեյդեն: