Բավ է պառակտվել
17-06-2021 20:36

Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ՌԴ վերաբերմունքը Ղարաբաղում Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը դրական է և չի տեսնում դրան խոչընդոտելու որևէ մտադրություն Մոսկվայի կողմից։

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի նախագիծը և աջակցում ենք դրան: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս առումով կարող է որևէ տարաձայնություն կամ իրականացումը հետաձգելու մտադրություն ունենալ: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամորեն է տրամադրված միջանցքի հարցում», - Ադրբեջանից վերադառնալուց հետո ասել է հինգշաբթի լրագրողներին Էրդողան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում է բանակցություններ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ: «Շուտով ինքս էլ եմ հանդիպելու Պուտինի հետ»,- հայտնել է թուրքիայի նախագահը։ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը դեռևս չի հայտնել նման հանդիպում ունենալու պլանների մասին։

«Կա մեկ ասպեկտ,-շարունակել է Էրդողանը,- այժմ մենք սահմանափակված ենք [Ղարաբաղում զինադադար հայտարարելու] հնգամյա ժամկետով: Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրագործել այս հինգ տարվա ընթացքում»։

Նա կրկին հիշեցրել է Անկարայի և Բաքվի նախաձեռնությունը՝ ստեղծել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ հարթակ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ:

«Այս համատեքստում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Բայց մենք ուզում ենք, որ միանան և Վրաստանը, և Հայաստանը», - ասել է Թուրքիայի ղեկավարը: Նա նշել է, որ Վրաստանը դրական է վերաբերվում ծրագրին մասնակցությանը:

Զանգեզուրի միջանցքը․ կողմ և դեմ

Պաշտոնական Երևանը բազմիցս կտրականապես հերքել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման հնարավորությունը, որն առաջ է տանում Ադրբեջանը: Ըստ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի՝, Հայաստանը «երբեք չի քննարկել և չի քննարկի Զանգեզուրի միջանցքի հարցը: Այս հարցը ոչ մի կերպ չի արտացոլվում 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունում, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հայկական կողմի քաղաքական օրակարգում է, բայց դա ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի «կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից» «միջանցքային» քարոզչության հետ։

Բաքվի ծրագրի համաձայն՝ Զանգեզուրի միջանցքը պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ Զանգեզուրով (Հայաստանի Սյունիքի մարզ): Ադրբեջանի իշխանությունները մտադիր են հասնել միջանցքի ստեղծմանն` անկախ Հայաստանի ցանկությունից, և եթե նա դիմադրի, իրենք պատրաստ են լուծել այդ հարցը ուժային ճանապարհով: