Բավ է պառակտվել
25-04-2016 10:40

Կիպրոսի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ իր կառավարության աջակցությունը հայտնելով միջազգային հանրության կողմից այս հանցագործությունը դատապարտելուն ուղղված ջանքերին:
«Երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի կառավարությունը դատապարտում է այս նողկալի հանցագործությունը, որն ուղղակի խայտառակում է մարդկության պատմությունը»,-ապրիլի 24-ին հայտարարել է Կիպրոսի նախագահը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուն հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար»: Այս մասին կիպրոսցի պաշտոնյան հայտարարել է Նիկոսիայի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը՝ զոհերի ոգեկոչման արարողության:
2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2015-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: «Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։
Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա: