Բավ է պառակտվել
02-06-2022 21:20

Ի՞նչ սկզբունքների վրա է հենվում Երևանը ղարաբաղյան հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է սկզբունքները, որոնց վրա հենվում է պաշտոնական Երևանը ղարաբաղյան հարցով բանակցությունների գործընթացում:

Նրան տրվել է հետևյալ հարցը․ «ՀՀ իշխանությունների համար էակա՞ն է բանակցությունների գործընթացում շեշտադրում կատարել ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքի վրա և բանակցությունները վարել այն տրամաբանությամբ, որ այդ սկզբունքները պետք է կիրառվեն Արցախի և նրա բնակչության նկատմամբ»։
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ փաստաթղթեր են դրված լինելու հիմքում... դեռևս հրապարակային քննարկումների ժամանակ Հայաստաը հայտարարեց 3 փաստաթղթերի մասին, որոնց շրջանակում տեսնում է բանակցային գործընթացը»,- պատասխանել է ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել Արցախում բնակվող հայերի անվտանգության և իրավունքների ապահովման կարևորության մասին, որից պետք է բխի կարգավիճակը:

«Մենք վստահ ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունը կապահովեն կարգավիճակը, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ սրանք այն կարևոր ուղղություններն են, որոնց վրա աշխատելով՝ կունենանք արդյունքներ», - ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։