Բավ է պառակտվել
23-11-2020 13:08

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում տալիս է արդյունքներ․ Շոյգու

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում հաստատաված հրադադարի ռեժիմը կպահպանվի նաև հետագայում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՊՆ նախարարը Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ հանդիպման ժամանակ։

Վերջինս կարծում է, որ 3 երկրների առաջնորդների պատմական հայտարարությունից հետո դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել հիմնական դիտակետերը՝ ապահովելով անվտանգությունը շփման գծի ողջ երկայնքով։

«Ներդրված ջանքերը տալիս են արդյունքներ։ Սկսվել է փախստականների վերադարձը։ Այս ողջ ընթացքում պահպանվել է հրադադարի ռեժիմը, և ես վստահ եմ, որ այդպես կլինի այսուհետ»,— հայտարարել է Շոյգուն։

Իլհամ Ալիևն իր հերթին բարձր է գնահատել եռակողմ հայտարարության իրագործումը՝ շեշտելով Ռուսաստանի և ռուս խաղաղապահների ներդրած ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

«Մեր կարծիքով՝ հայտարարության դրույթները հաջողությամբ իրագործվում են, որը ևս մեկ անգամ հաստատում է և՛ ադրբեջանական, և՛ հայկական  կողմի՝ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու և քաղաքական  գործընթացին վերադառնալու պատրաստակամությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս երախտագիություն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինին և անձամբ Սերգեյ Շոյգուին՝ կարևորագույն փաստաթղթի նախապատրաստման և ընդունման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։