Բավ է պառակտվել
14-05-2020 14:14

Արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է քաղաքական նպատակներ. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է արտակարգ դրության երկարաձգմանը: Facebook-ի իր էջում նա գրել է, որ այդ քայլը հակասում է գործող օրենքին։

«Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝

1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տևողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում և 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։

Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Պետք է հաշվի առնել, որ «եթե մինչև նշված ժամկետների ավարտը» ձևակերպումը չի վերաբերում հենց 30 և 60 օրվան, քանի որ ամենևին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։

Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչև համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, և այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։

Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։ Ասվածի մասին է վկայում նաև «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձևակերպումը:

Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տևողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը։ Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։

Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ», - գրել է Մարուքյանը։

 

ՀՀ–ում Արտակարգ դրությունը երկարաձգվեց 30 օրով
Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն
Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի. Փաշինյան
Վարչապետի ելույթը արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կապակցությամբ ԱԺ հատուկ նիստում (Տեսանյութ)
«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի․ կգործեն այլ սահմանափակումներ».