Բավ է պառակտվել
18-04-2020 16:28

Կառավարությունում քննարկել են Հայաստանի Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շաբաթ օրը քննարկել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը։

Կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ վարչապետին ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները, որի հիմքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ծառայության ստեղծումը (ենթադրվում է, որ պարեկային ծառայությունը կսկի գործել արդեն 2021թ առաջին եռամսյակից):

Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները. Ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, Ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերոհիշյալ ուղղություններով տարվող աշխատանքներին և միջոցառումներին, գործողությունների հերթականությանը։

Վարչապետը նշել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման և ոստիկանի նոր կերպարի ձևավորման կարևորությունը։

“Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով”,- ասել է կառավարության ղեկավարն, ընդգշելով սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով երթևեկության վերահսկողությանը, Փաշինյանը նշել է, որ ոլորտում տարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելուն, այլ խախտումները կանխելու միջոցառումներին։

“Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում”,- նշել է վարչապետը և ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

2020թ փետրվարին հրապարակված Հայաստանի Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ գործողությունների ծրագրի նպատակն է վերափոխել գերատեսչությունը, դարձնելով այն ժամանակակից, մասնագիտացված և տեխնիկապես հագեցած, հարգված և վստահելի իրավապահ ուժ, ստեղծել ոստիկանության ծառայողի կերպար, որը բնորոշ է ժողովրդավարական իրավակարգին։