Բավ է պառակտվել
05-02-2019 17:05

Հայաստանի կառավարության ծրագիրը փետրվարի 6-ին կներկայացնեն ԱԺ

Հայաստանի կառավարության ծրագիրն Ազգային ժողով կներկայացվի և կհրապարակվի փետրվարի 6-ին։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկատվությունը տարածել է կառավարության մամլո ծառայությունը։

Ըստ Ավինյանի, կառավարության ծրագրի հրապարակումից հետո կարող են կազմակերպվել ավելի առարկայական քննարկումներ ՎԶԵԲ-ի ռազմավարությունը Հայաստանի կառավարության տեսլականին մոտարկելու առումով։ Փոխվարչապետը հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա։

Ավինյանը նաև նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը Բանկի հետ շարունակում է խորանալ: Նա կարևորել է ՎԶԵԲ հետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման և ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ դիագնոստիկ ուսումնասիրությունների արդյունքում ՎԶԵԲ-ը մոտակա ժամանակներս մտադիր է մշակել ընկերության գործունեության հնգամյա ռազմավարությունը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Այս հարցը կընդգրկվի նաև 2019 թվականի գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգում:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր հատված գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր: