Բավ է պառակտվել
26-04-2022 20:44

Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի համաժողովի մասնակիցներին հիշեցրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն՝ ընդգծելով դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին:

Քննարկման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։

«Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- ասել է Արարատ Միրզոյանը։