Բավ է պառակտվել
24-06-2020 11:50

«Լուսավոր Հայաստանը» չի միանա ԲՀԿ-ին ՍԴ դիմելու հարցով

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի»՝ ՍԴ դիմելու ստորագրահավաքին. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իրենք այդ օրենքը ՍԴ-ում կվիճարկեն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն քննարկի մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումը:
«Էս հարցով զբաղվողները պնդում են, թե իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ երկրորդ նախագահի գործի: Մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել նման պնդման: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը մինչև այդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմում»,-նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենց կարծիքով նախագծով ոչ թե երեք, այլ երկու դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել:
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ուզում են զուլալ մնա իրավական տիրույթում իրենց գործունեությունը` չծառայելով ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանության շահերին։ Մարուքյանի գնահատմամբ` իշխանության գործողությունները թնդանոթներ են, տանկեր` սահմանադրական փոփոխություններին ուղղված։
Նա հավելեց, որ իրենց` ՍԴ դիմելու առնչությամբ խոսել են ԲՀԿ–ի հետ, և վերջիններս ասել են, որ միակամ են։ Մարուքյանը կարծում է` ԲՀԿ–ն կմիանա իրենց ՍԴ դիմելու հարցում։
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նշեց. «Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը: Առաջին խախտումն այն է, որ երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է եւ այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

 

 

Արմինե Գևորգյան