Բավ է պառակտվել
13-05-2019 11:13

“Բարգավաճ Հայաստանը” չի քննարկել Քոչարյանի կողմնակիցների ալյանսին միանալու հարցը

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը դեռ չի քննարկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ալյանսին միանալու հարցը, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի երկրորդ նախագահին աջակցող անհատներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել և ստեղծել են “Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ալյանսը”։

“ԲՀԿ–ն ԱԺ–ում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգն ու շարժվում է դրանով։ Որևէ քաղաքական ալյանսի հետ միավորվելու հարց չի քննարկվում” ,– ասել է Տոնոյանը։
Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմնակիցների ալյանսի հետ հնարավոր միացմանն, ապա, ինչպես նշել է Տոնոյանը՝ “մենք ունենք մեր օրակարգը”։
”Մենք չենք քննարկել որևէ այլ ուժի հետ քաղաքական ալյանս ստեղծելու հարցը։ Մեր օրակարգում նման հարց չկա”, – ասել է Տոնոյանը։
Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել է Reuters գործակալությանը, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են, որպեսզի առաջիկայում մարտահրավեր նետեն Հայաստանի նոր ղեկավարությանը, և որ հուսով է լինել նրանց շարքում։

Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու (2018 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում) և, այլ քրեկան գործի շրջանակներում՝ առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է 2008 թվականի մարտի 1-2 դեպքերի կապակցությամբ հարուցած քրեական գործի նախաքննությունը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008 թվականին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի, Երևանի կայազորի հրամանատարի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի մասով քրեական գործերը հանձնվել են գլխավոր դատախազին դատարան ներկայացնելու համար։