Բավ է պառակտվել
27-04-2021 13:57

«Բարգավաճ Հայաստանը» կհաղթի, բայց 50% + 1 ձայն ոչ մի ուժ չի ստանա․ Մելքումյան

Գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում վստահ են, որ կհաղթեն ընտրություններում, իսկ կոալիցիայի հարց չեն քննարկում։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը կանխատեսում է իր քաղաքական ուժի հաղթանակը Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Մելքումյանը:

Միաժամանակ նա ասաց, որ ԲՀԿ-ն միայնակ է գնալու ընտրությունների: Ըստ Մելքումյանի, վերջին 15 տարիների ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» միշտ ներկա է եղել խորհրդարանում և եղել է մեծությամբ երկրորդ քաղաքական խմբակցությունը:

«Մենք հիմա գնում ենք ընտրությունների հաղթելու նպատակով և կհաղթենք: Բայց դա չի նշանակում, որ որևէ ուժ կհաղթահարի 50%-ի շեմը: Կարծում եմ, որ կունենանք բալանսավորված իշխանություն, և վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը կլինի վարչապետ», - ասաց Մելքումյանը:

Հարցին, արդյոք կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու այլ ուժերի հետ, Մելքումյանն ասաց, որ այսօր կոալիցիաների հարց չի քննարկվում։ ԲՀԿ-ում հիմա չեն կարող ասել, ով ինչքան ձայն կհավաքի, հետևաբար դաշինքների մասին խոսելը վաղաժամ է։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական տվեց, մնալով կառավարության ղեկավարի ժ․պ․։ Խորհրդարանը պետք է երկու անգամ չընտրի նոր վարչապետ, ինչից հետո նշանակվում են խորհրդարանական նոր ընտրություններ։ Դրանք, ենթադրաբար, տեղի կունենան հունիսի 20-ին։