Բավ է պառակտվել
14-01-2021 10:54

Ադրբեջանի սադրիչ քայլերը ուղղված են խաղաղապահ ջանքերի խաթարման. ԱԳՆ

Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը:

Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը:

"Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և

Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը",- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։