Բավ է պառակտվել
13-12-2021 16:58

Իշխանամետ «Հայկական ժամանակ»-ը մեղադրել է Երևանի քաղաքապետին ընդդիմության հետ կապերի մեջ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի շուրջ վերջին օրս լուրջ կրքեր են բորբոքվել Հայաստանի լրատվական դաշտում։

2018 թվականին Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական աջակցությամբ «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ։ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները ճաք տվեցին Արցախյան պատերազմից հետո, երբ քաղաքապետը հեռվացավ իրեն սատարող քաղաքական ուժից։ Մարությանի հնարավոր հրաժարականի և այս պաշտոնում նոր կամակատարներ առաջադրելու իշխանությունների մտադրության մասին լուրերը բազմիցս են շրջանառվել։

Հոդված իշխանամետ թերթում

Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի կայքում, որը խմբագիրը երկար տարիներ եղել է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ այժմ այն ​​գլխավորում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հրապարակվել է «Հայկ Մարությանին «հեղափոխույթունից շեղած» գեներալներըը» հոդվածը (ՀԻՊԵՐՀՂՈՒՄ)։

Անստորագիր հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ, ըստ լուրերի, Արցախում 44-օրյա պատերազմից հետո Մարությանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերությունները իշխող ուժի անդամների հետ։ Նշվում է, որ նա իր քավորի՝ գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար՝ խմբ.) հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները»,- ասվում է հոդվածում։

Քաղաքապետարանի արձագանքը

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել մայրաքաղաքի քաղաքապետի մասին այս հոդվածն՝ այն անվանելով բամբասանք։

«Վերջին երեք տարիներին դեղին մամուլն ինչ ասես չի գրել Երևանի քաղաքապետի անձի և գործունեության մասին։ Ձեր նշած հոդվածը դրանցից մեկն է, ոչ մի արտառոց բան։ Ես չեմ մեկնաբանում դեղին մամուլի բամբասանքներն»,- ասել է նա Panorama-ին։

Ի պատասխան հիշեցմանը, որ խոսքը Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի մասին է, նա ասել է. «այլ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ չունեմ»։

Ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք

«Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, մասնավորապես՝ Մարության-Քոչարյան իբր հանդիպման մասին տեղեկություններինանդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

««Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - Վարդևանյանի խոսքերն է մեջբերում aysor.am-ը։ Խորհրդարանում կայացած ճեպազրույցում նա հավելել է, որ եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։

Հ.Գ. կամ «անհավանական» զուգադիպություն

Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանի ծայրամասերից դեպի կենտրոն երթևեկող քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար էր եղել։ Մարդիկ կուտակվել են կանգառներում՝ չկարողանալով հասնել նպատակակետին մի շարք երթուղիներում քաղաքային ավտոբուսների գրեթե իսպառ բացակայության պատճառով։

Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ կոլապսի պատճառը վարորդների բոյկոտն է, ովքեր պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև անընդունելի անվանեցին նման սաբոտաժը։ Կեսօրին ավտոբուսի վարորդները հայտարարեցին, որ իրենց պահանջների մեծ մասն ընդունվել է և դուրս եկան երթուղիներ։