Բավ է պառակտվել
24-06-2019 14:11

Իշխանական պատգամավորներ VS կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայը» խմբակցության պատգամավորները կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանից «հաշիվ էին պահանջում»: Պատճառը Մարուքյանի արտահայտություններն էին:
Հիշեցնենք՝ Մարուքյանն իր ՖԲ ուղիղ եթերում անդրադարձել էր  Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից չվերթների քանակը։ «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետին՝ սիրուն աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - ասել էր Մարուքյանը։

Հենց այս արտահայտությունները դուր չէին եկել իշխանական պատգամավորներին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց,որ իր մոտ տպավորություն է ստեղծվել,որ պարոն Մարուքյանը  իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Եվ կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ և ոչ ռաբիզ պատգամավորի պես»:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես անդրադարձավ այս հարցին, ասաց, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային վայրերում: «Ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, ինչու ոչ, նաև այդպիսի գռեհիկ ձևակերպումները հենց Ազգային ժողովում կստանան արժանաի պատասխան»,- ասաց Պապոյանը:
Մարուքյանը նիստերի դահլիճում չէր, և նրա փոխարեն իշխանական պատգամավորներին արձագանքեց «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը.
«Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ այստեղ հիշեցնելու պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին։ Ես հուսով եմ՝ այն տեղ է հասել։ Ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, երբ պարոն Մարուքյանը դահլիճում չէ։ Առանց ռեպլիկներ անելու՝ վերցրեք այդ կառուցողական առաջարկը ու սկսեք իրագործել։ Այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խնդրում եմ»,֊ասաց Անի Սամսոնյանը: