Բավ է պառակտվել
28-12-2022 11:51

ՌԴ-ից ուղիղ պարտադրանք չկա, բայց «կան նպատակներ և ցանկություններ»

Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունները, թե փորձում են ստիպել Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

Օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Միութենական պետության մասով Հայաստանի վրա մեծ ճնշում կա», սակայն չէր մանրամասնել, թե ում կողմից։

Հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե «դա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչվող տե՞քստ է, թե՞ դա իսկապես ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի կողմից, որին մենք հիմա դիմադրում ենք», Քոչարյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Ճնշումների մասին միշտ կարելի է խոսել, դեռ 90-ականներն կար միութենական պետություն ստեղծելու ծրագիր, ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան, Ռուսաստան Բելառուս այդպիսի միության մասին էր խոսքը, և այդ գաղափարը եկել, հասել է մինչև մեր օրեր: Հիմա էլ կա այդպիսի գաղափար: Վերջին հաշվով Ռուսաստանը Բելառուսի հետ միութենական պետություն ստեղծելու ճանապարհին կուզի, որպեսզի հնարավորինս շատ մասնակիցներ տեսնի այդ միության մեջ:

Ռուսաստանի կողմից մեզ ուղիղ ստիպելու մասին ես չեմ կարող ասել, բայց որ նպատակաների մեջ տեսանելի են, որ այդպիսի ցանկություններ շրջանառության մեջ գոյություն ունեն, կարող եմ ասել: Վերջին հաշվով այս ամենը բերում, կապում են նաև մեր անվտանգային միջավայրի կայունության և կայունությունը պահելու հետ, որը խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ նպատակների ու ցանկությունների տեսանկյունից»,- ասել է պատգամավորը։