Բավ է պառակտվել
03-11-2020 11:17

Իսրայելն իր օգնությունը թող ուղղի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես տրամաբանական շարունակություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով The Jerusalem Post-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ հայկական կողմին մարդասիրական օգնություն տրամադրելու Իսրայելի առաջարկին՝ առաջարկել է այդ օգնությունը փոխանցել «վարձկաններին և ահաբեկիչներին», որոնց, ըստ նրա, զինում է այդ պետությունը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն:

«Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որը նրանք օգտագործում են խաղաղ, քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու համար: Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - մեկնաբանել է Փաշինյանը Ռիվլինի առաջարկը:

ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ չնայած Թուրքիան և Իսրայելը այժմ իրականում «նույն կողմում են» ղարաբաղյան հակամարտությունում, բայց հրեական պետությունն ապագայում կարող է զգալ Անկարայի «կայսերական հավակնությունները»: - Դա միայն ժամանակի հարց է, - համոզմունք է արտահայտել նա:

Ըստ Փաշինյանի, Իսրայելը զինում է այն երկիրը, որը «մտադիր է իրականացնել հայերի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում»: Նա Իսրայելին անվանել է հակամարտության ակտիվ մասնակից, քանի որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, նրա խոսքերով, «ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

«Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա դե ֆակտո վարձկանների հետ միասին չի պայքարում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյո՞ք դա նրա համար հարմար դիրքորոշում է: Եթե այո՝ Աստված իր հետ: Բայց կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետևանքներ, և դուք ստիպված կլինեք առերեսվել այդ հետևանքների հետ», - եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը: