Բավ է պառակտվել
28-10-2022 14:52

Պուտինը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միակ հնարավոր ճանապարհը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միակ հնարավոր ճանապարհը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների դրույթների խստիվ պահպանումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։

«Ինչպես բոլորին հայտնի է, Ռուսաստանն ավանդաբար, այսպես ասած, եթե նայենք պատմական բաղադրիչին, միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և հնուց ի վեր աջակցել է մեր հայ ընկերներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում», - ասել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր էլ ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։

«Մենք հսկայական թվով կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելն ուղղակի անհնար է: Մենք, իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք: Բայց, իհարկե, չենք կարող հեռու մնալ խնդիրներից և հակասություններից Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը: Ընդհանուր առմամբ մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան», - ասել է նա։

Պուտինը նշել է, որ խաղաղության տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ անցած ճանապարհը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման ճանապարհին այս պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է այս ամենի հետ: Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով: Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- ասել է նա։