Բավ է պառակտվել
11-08-2016 10:10

Պուտին. ՌԴ-ն կատարում է ՀՀ-ին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները

Ռուսաստանը կատարում է Հայաստանին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները: Օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հայ լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ հետևում է իր պարտավորություններին ու կատարում դրանք»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում ցանկացած երկիր կարող է ձեռք բերել ցանկացած սպառազինություն. «Ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է ձեռք բերել ցանկացած սպառազինություն: Եվ այնպիսի երկիր ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթամշակման, տասը միլիոնանոց բնակչություն ունեցող, արագ աճող տնտեսությամբ, ոսկեարժութային մեծ պահուստներով, իհարկե, ի վիճակի է որտեղից ասես զենք գնել»:
Միաժամանակ, Պուտինն ընդգծել է, որ չպետք է շեշտը դնել ռազմական ոլորտի վրա. «Եթե ուզում ենք խնդիրը լուծել, ապա այն պետք է լուծել խաղաղ միջոցներով»:

Նախագահ Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը, իբրև թե, պարտավորվել է ադրբեջանական վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը:

«Նախևառաջ, ես կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում` Ադրբեջանում, Հայաստանում և ցանկացած այլ վայրում: Ես կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք խորը տեղեկություն ստանալ, ապա պետք է դիմեք անմիջապես այս կամ այն հոդվածների հեղինակներին»,- հայտարարել է Պուտինը`մեկնաբանելով հայ լրագրողի հարցը Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին:

Վերջինս նման արտահայտություն արել է Սանկտ Պետերբուրգում և Բաքվում հանդիպումների հիման վրա, որտեղ քննարկվել է ԼՂ հարցը:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ այդ բավականին բարդ աշխատանքի ընթացքում կիրառվել են բոլոր ակտիվ դիվանագիտական միջոցները, այդ թվում` ԶԼՄ-ների օգտագործումը` որոշ հայցեր ներկայացնելու և հարցումային դիրքորոշումները ձևակերպելու համար:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հարցում։

«Ընդգծեմ` Ռուսաստանը շահագրգռված է հարևան երկրների հարաբերությունների լարվածությունը թուլացնելու հարցում։ Կշարունակենք ամեն կերպ աջակցել Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ուղիներ փնտրելու գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է Պուտինը։

Նա հույս է հայտնել, որ «Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակամարտության կարգավորման հասնել փոխզիջումների միջոցով` առանց հաղթողների ու պարտվողների»։

«Իրականում կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես ցանկանում են լուծել այս խնդիրը, որպեսզի ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունները»,- ասել է Պուտինը։
Նրա կարծիքով` նպատակն այն է, որ հենց այդպիսի արդյունքի հասնեն, գտնեն այնպիսի մոտեցումներ ու սխեմաներ, որոնք որևէ մեկին թույլ չեն տա իրեն պարտվող զգալ։

«Այնպիսի լուծում լինի, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ընդունված լինի երկու երկրների հասարակությունների կողմից։ Սա է կարևորը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի որոշ երկրներ կարող են որպես երաշխավոր հանդես գալ»,- ասել է Պուտինը։