Բավ է պառակտվել
17-11-2020 21:01

Պուտինը Ղարաբաղի կարգավիճակի, Շուշի քաղաքի և պատերազմում զոհվածների թվի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ հիմա դեռևս պահպանվում է ստատուս-քվոն։

«Այո, այս խնդիրը գոյություն ունի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք պահպանել այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն, ինչ կլինի այնուհետև՝ կորոշվի ապագայում, ապագա ղեկավարների, այս գործընթացի ապագա մասնակիցների կողմից»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը, երեքշաբթի պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ապագայում կարգավորել իրավիճակը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում դադարեցվել են ոչ միայն ռազմական գործողություններն, այլև պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու և տնտեսական կապերը վերականգնելու վերաբերյալ:

«Իմ կարծիքով, դա չափազանց կարևոր է և լավ հիմք է ստեղծում հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման համար», - ասել է Պուտինը:

Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքն է:

Նա նշել է, որ Ղարաբաղում մարտերի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 4 հազար մարդ: «Իրականում, կարծում եմ՝ ավելի շատ», - ասել է Պուտինը, շեշտելով, որ «սա կինոնկար չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների կյանքում»: «Ուստի արյունահեղության դադարեցումը հիմնական արդյունքն է», - պարզաբանել է ՌԴ նախագահը:

Փախստականների վերադարձը

Նախագահը խոստովանել է նաև, որ չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել Շուշա քաղաք խաղաղ փախստականների վերադարձի պայմանից:

Պուտինի խոսքով՝ Շուշայի հարցն «առաջացավ այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում»: «Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա և՛ Ադրբեջանի նախագահ [Իլհամ] Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերադարձրել էին վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի նկատմամբ, - ասել է ՌԴ նախագահը: - Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց փախստականների վերադարձը, այդ թվում ՝ Շուշա քաղաք, նրա կողմից դրված պարտադիր պայման էր»:

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ դա նրանց համար անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ այդտեղ տեսնում է սպառնալիք Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Ինձ համար հիմա էլ շատ պարզ չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը, հաշվի առնելով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի նկատմամբ, ներառյալ Շուշին և հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»,- նշել է Պուտինը։

Դիտարկման կենտրոն

Ադրբեջանն ինքը կորոշի, թե իր ինքնիշխան տարածքում կոնկրետ որտեղ է գտնվելու համատեղ դիտարկման կենտրոնն, ասել է Ռուսաստանի ղեկավարը:

«Որտեղ է գտնվելու [դիտարկման համատեղ կենտրոնն], այլ հարց է: Ակնհայտ է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, և Ադրբեջանն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել թե որտեղ է նպատակահարմար գտնում տեղադրել այն», - ասել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ ռուս-թուրքական կենտրոնը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի Ղարաբաղում իրավիճակը առցանց վերահսկելու համար:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը

Պուտինը բարձր է գնահատել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, նշելով, որ հրադադարի մասին վերջին համաձայնագրերն ընդհանուր առմամբ հաշվի են առնում այդ երկրների դիրքորոշումները: Նախագահը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող մասնակցել Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, քանի որ այն չի հանդիսանում Հայաստանի տարածք:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լրատվամիջոցներին, նա ասել է. «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դերին, ես բարձր եմ գնահատում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների դերը: Նրանք միշտ եղել են տեղյակ, միշտ փնտրել են այս խնդրի լուծման ուղիներ: Եվ երբ 2013թ. Ռուսաստանն առաջարկեց ապագա կարգավորման ձևաչափի հիմքը, և՛ Ֆրանսիան և՛ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ աջակցեցին մեր առաջարկներին»:

Այնուամենայնիվ, Պուտինը կասկած է հայտնել, որ հնարավոր կլիներ մանրամասնորեն հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների տեսակետները տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ ընթացիկ համաձայնագրերը պատրաստելիս, նշելով, որ վերջնական որոշումները չեն խարխլում այս ձևաչափով մասնակից բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշման հիմքը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում Պուտինին հարցրել են, կա՞ վտանգ, որ Հայաստանում իշխանության գան նրանք, ովքեր կհրաժարվեն ապագայում պահպանել Ղարաբաղում հրադադարի համաձայնագիրը:

«Դա ինքնասպանություն կլիներ ... Վարչապետ (Հայաստանի Նիկոլ. - խմբ.) Փաշինյանը ... նկարագրել է իրերի իրական վիճակը, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին և ինչպես այսօր է», - պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը:

Նա նաև նշել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ հակամարտության գոտում իրավիճակը Հայաստանի համար զարգանում էր այնպես, որ «ժամերի հարց էր», և պահանջվում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Պուտինը հավելել է, որ դավաճանության մեջ Փաշինյանին առաջադրված մեղադրանքները հիմք չունեն:

«Պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրն ... այնուամենայնիվ չի կարող իրեն թույլ տալ վարվել այդպես ... պառակտել հասարակությունը ներսից», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը: