Բավ է պառակտվել
09-04-2021 18:15

Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կարևորել են Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Դոնբասի, Ղարաբաղի, Սիրիայի, «Սպուտնիկ V»–ի և Սև ծովի մասին Մոնտրյոյի կոնվենցիան:

Պուտինն ու Էրդողանы, մասնավորապես, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել իրադրության հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ Ռուսաստանի քայլերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին:

«Փոխադարձ կարծիք է հնչել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին», - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը, Էրդողանի խնդրանքով, ներկայացրել է ռուսական մոտեցումները ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման հարցում: Ընդգծվել է, որ կարգավորման համար հիմք է հանդիսանում Մինսկի 2015 թվականի «Միջոցառումների համալիրը», որն այլընտրանք չունի։

«Միևնույն ժամանակ, մտահոգություն հայտնվեց այն կապակցությամբ, որ ուկրաինական կողմը խուսափում է Մինսկի համաձայնագրերի իրագործումից և վերջերս վերսկսել է շփման գծում իրավիճակի սրմանն ուղղված վտանգավոր սադրիչ գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Մոնտրոյի կոնվենցիայի պահպանման հարցերը։ Ստամբուլի ջրանցքը կառուցելու Թուրքիայի ծրագրերի կապակցությամբ Պուտինը շեշտել է 1936 թ. Մոնտրոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան Սևծովյան նեղուցների գոյություն ունեցող ռեժիմի պահպանումը` տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ու հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը: Ապրիլի 8-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իրադրության հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն: