Բավ է պառակտվել
10-08-2016 17:52

Պուտինը Սարգսյանին խոստացել է ներկայացնել Ալիևի հետ զրույցի արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած վերջին բանակցությունների արդյունքների մասին։ Պուտին-Ալիևը հանդիպումը կայացել էր Բաքվում, և այդ հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Ղարաբաղյան հակամարտության թեման։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ընթացքում մենք, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ այն սուր թեմային, որի մասին Դուք հիշատակեցիք։ Դա ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Անշուշտ, հաճույքով կտեղեկացնեմ Բաքվում կայացած մեր զրույցների արդյունքների մասին», — ասել է Պուտինը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Սարգսյանը հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանին ղարաբաղյան հիմնահարցի լուծման հարցում գործադրած դիվանագիտական և քաղաքական ջանքերի համար։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ Ձեզ և ռուսական կողմին հայտնել իմ երախտագիտությունն այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը գործադրում է ղարաբաղյան հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման մեջ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Սարգսյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին այս հանդիպման հրավերի համար։