Բավ է պառակտվել
08-07-2017 18:34

Պուտինը պատմել է Թրամփի հետ իր առաջին հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում կայացած մամուլի ասուլիսին, որտեղ ավարտվել է « Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, պատմել է նախօրեին կայացած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հանդիպման մասին:
Պուտինն ընդգծել է, որ իր կարծիքով հաջողվել է Թրամփի հետ անձնական հարաբերություններ հաստատել.« Հեռուստատեսային Թրամփն իրականից շատ է տարբերվում: Նա բավական արագ է վերլուծում և արագ է պատասխանում տրված հարցերին»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը, նշելով, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կա:
« Եթե մենք հարաբերությունները կառուցենք այնպես, ինչպես երեկ անցան բանակցությունները, մենք գոնե մասնակիորեն կկարողանանք վերականգնել փոխգործակցության այն մակարդակը, որը մեզ պետք է»,- հավելել է Պուտինը:
Պատասխանելով հարցին՝ կհաջողվի՞ արդյոք ճգնաժամից դուրս բերել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, Պուտինն ասաց.« Ես հույս ունեմ, և ինձ թվում է, որ դրա համար համապատասխան նախադրյալներ կան»:
Նա նաև հայտնել է, որ Թրամփը հանդիպման ընթացքում շատ հարցադրումներ է արել ընտրություններին միջամտելու վերաբերյալ. «Դա մեկ հարց չէր, նա դրան մեծ ուշադրություն հատկացրեց»,- ասել է Պուտինը: «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է, ես այն հնչեցրել եմ, չկա որևէ հիմք, կարծելու, որ Ռուսաստանը միջամտում է Միացյալ Նահանգների ընտրական գործընթացին»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է Թրամփը արձագանքել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի չմիջամտելու մասին պատասխանին, Պուտինը պատասխանել է.« կարծում եմ, որ նա դա ընդունեց ի գիտություն և համաձայնվեց, բայց թե իրականում ինչպեց վերաբերվեց դրան՝ հարցրեք իրենից»:
« Կարևորն այն է, որ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում այս ոլորտներում անորոշություն չպետք է լինի: Մենք պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք աշխատանքային խումբ, և միասին աշխատելու ենք այն բանի վրա, որ հասկանանք, թե ինչպես համատեղ ապահովենք այդ ոլորտում նորմերի պահպանումը»,- ասել է Պուտինը:
Շաբաթ օրը, ավելի վաղ, Թրամփը խոսելով Պուտինի հետ անցած առաջին հանդիպման մասին, այն անվանեց «հիանալի»: