Բավ է պառակտվել
23-11-2022 23:36

Ռուսաստանը և Հայաստանը միանշանակ դաշնակիցներ են․ Պուտին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հինավուրց ու խորը արմատներ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դուք նշել եք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անշուշտ, դաշնակցային են, ունեն հինավուրց, խորը արմատներ»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է երկու երկրների միջև այս տարվա առաջին ինն ամիսներին 67 տոկոսով ապրանքաշրջանառության աճը։ «Այո, սա պայմանավորված է այսօրվա յուրահատկություններով, բայց, իհարկե, լավ ներդրում կլինի ապագայի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարի աճել է 80%-ով, ինչը վկայում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման մասին։

«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։ Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 80 տոկոսով, իհարկե դա պայմանավորված է մատակարարման շղթաների որոշ փոփոխություններով, բայց սա փաստ է, որը ստեղծում է տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է նա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 207 926,6 հազար դոլար՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 80,5 տոկոսով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 404 681,7 հազար դոլար՝ 2,4 անգամ աճով, իսկ ներմուծումը՝ 1 947 145,7 հազար դոլար (աճը՝ 44,8%)։