Բավ է պառակտվել
23-11-2022 23:04

Պուտինը կարծում է, որ ՀԱՊԿ-ն օգնում է պաշտպանել անդամ երկրների շահերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներում խնդիրներ կան, սակայն այն օգնում է ապահովել անդամ երկրների ինքնիշխանության պաշտպանությունը։

«Իհարկե, մենք տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլև խնդիրներ»,- չորեքշաբթի օրը ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել է Պուտինը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ խնդիրներին արդեն անդրադարձել են հանդիպման մասնակիցները։ «Այսօր մենք, կարծում եմ առանց տեսախցիկների, ավելի մանրամասն կխոսենք այս մասին»,- նշել է ՌԴ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սակայն մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի գործնական արդյունքների, օգնում է պաշտպանել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև կարծում է, որ 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի դինամիկան աճել է։

«ՀԱՊԿ անդամները համատեղ մեխանիզմների շրջանակներում փոխգործակցում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, անվտանգության խորհուրդների, խորհրդարանների միջոցով, պարբերաբար անցկացվում են խորհրդակցություններ, որոնց ընթացքում մշակվում է համաձայնեցված դիրքորոշում քաղաքական և ռազմավարական հարցերի, տարածաշրջանի արդիական խնդիրների և միջազգային օրակարգի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է, որ շարունակվում է նաև արագ տեղակայման և արագ արձագանքման հավաքական ուժերի, հավաքական ավիացիայի և խաղաղապահ ուժերի կատարելագործումը։ Նրա խոսքով, շրունակաբար իրականացվում են նրանց բարձր մարտական ​​պատրաստությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, նույնը վերաբերում է կառավարման համակարգի կատարելագործմանը, զինվորականների պատրաստվածության բարձրացմանը։

«Այդ միջոցառումների արդյունավետությունը հաստատվեց նաև հունվարին Ղազախստանում իրականացված ՀԱՊԿ խաղաղապահ գործողությամբ, որը հնարավորություն է տվեց կանխել ծայրահեղականների կողմից իշխանության զավթումը, կայունացնել հանրապետության ներքաղաքական իրավիճակը»,- ​​ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար։

Ռուսաստանի ղեկավարը Տոկաևին հաջողություն է մաղթել Ղազախստանում ծրագրված բարեփոխումների իրականացման գործում։ «Օգտվելով առիթից ևս մեկ անգամ շնորհավորում եմ նրան (Տոկաևին՝ ՏԱՍՍ) ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություններ երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում լայնածավալ ծրագրերի և վերափոխումների իրականացման գործում»,- ​​ասել է նա։

Խաղաղապահ ուժերի վերազինում

Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ զինելու որոշմանը։

«Գոհունակությամբ կարելի է նշել, որ Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված շատ արժեքավոր գործնական փորձը վերլուծվել է մեր և կազմակերպության քարտուղարության կողմից։Ռուսաստանը, իհարկե, սատարում է մեր հաստատմանը ներկայացված խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով վերազինելու կարևոր որոշմանն», - ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, իհարկե, աջակցում է ՀԱՊԿ կապի համակարգի բարելավման, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորման և ՀԱՊԿ-ում երկաթուղու միասնական տեխնիկական ծածկույթի համակարգի գործարկման որոշումներին։

ՌԴ ղեկավարը նշել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը։ Այս ոլորտում աշխատանքներին մասնակցում է ՀԱՊԿ միջպետական ​​ռազմատնտեսական հանձնաժողովը։ ՌԴ նախագահը հավելել է, որ հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները համատեղ օպերատիվ միջոցառումներ են իրականացնում ծայրահեղականության և ահաբեկչության, անդրազգային հանցագործության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու համար։

«Իհարկե, մեզ բոլորիս իսկապես միավորում է մեր պետությունների ընդհանուր պատմությունը մոռացության չտալու համար տարվող աշխատանքը, այն, որ մեր ժողովուրդները միասին հաղթեցին Հայրենական մեծ պատերազմում»,- ընդգծել է Պուտինը։