Բավ է պառակտվել
14-05-2021 11:02

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում նշել է հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը

Մայիսի 13-ի ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, շարունակվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկումը։
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթներն՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրությունում:

Ռուսական կողմը վերահաստատել է տարածաշրջանում կայունության ապահովման շահերից Երևանի և Բաքվի հետ ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և սերտ կապեր պահպանելու տրամադրվածությունը։
«Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին։