Բավ է պառակտվել
21-10-2019 20:11

Քաղաքական հետապնդում,թե՞ իրավական գործընթաց ՍԴ նախագահի շուրջ

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացառում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին կարող էին հարցաքննության հրավիրել առանց հիմքի։
Բայց Արդարադատության նախարարին մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել է։
«ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դա իրավունքի չարաշահման արդյունք է։ Պարոն Հարությունյանի հրաժարականի հատվածը պաշտոնավարումից 22 օր առաջ, կասկածելի հանգամանքներում, միանգամից շտապողական առաջդրումն ու նշանակումը, որ ուժի մեջ չմտնի Սահմանադրության համապատասխան դրույթը»։
Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Բադասյանը չի կապում ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացի հետ` հիշեցնելով, որ Թովմասյանների գույքի մասին մամուլում հրապարակումներն ու պատգամավորի հաղորդումը նախորդել են թե՛ ԱԺ–ում սկսված պաշտոնանկության գործընթացին, թե՛ քրեական գործի հարուցմանը։

Սահմանադրադական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին այսօր գնահատականներ է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասելով․ որ ՍԴ- լեգիտիմության խնդիր ունի։
«Քանի դեռ կա ՍԴ–ի լեգիտիմության խնդիրը և չկա վստահություն ՍԴ–ի նկատմամբ, այդ կառույցը չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում։ Եկեք իրականությանը վերադառնանք ու վերհիշենք բոլոր գործընթացները, որոնք նախկինում են տեղի ունեցել, օրինակ, ՍԴ նախագահի ընտրության ժամանակ։ Պետական ինստիտուտը պետք է ներշնչի հարգանք, բայց և չենք կարող աչքներս փակել էն բոլոր խնդիրների վրա, որոնք կան էնտեղ»,–ասել է Ավինյանը:
Ավինյանի պնդում է,որ Հրայր Թովմասյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում։
«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում»,–ասում է Ավինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ։
Ավինյանն ասում է,որ բոլոր հնարավոր միջոցները գործադրելու են, որպեսզի ՍԴ –ի շուրջ ստեղծված թնջուկը հանգուցալուծում ստանա։ Իսկ Արդարադատություն նախարարությունն էլ այս պահին դեռևս մեկ ելք է առաջարկում,որ դեռ պետք է քննարկվի կառավարությունում,որից հետո ԱԺ –ում։
«Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկել»,–ասում է Արդարադատության նախարարը։
Նշենք սակայն ,որ այս դրույթի վերաբերյալ, որով ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները մեծ բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ այն ժամանակ հայտարարել էր,որ փոփոխություն կարող է լինել ավելի շատ տեխնիկական բնույթի կամ հստակեցման, բայց ոչ գաղափարից հրաժարվելու մասով։