Բավ է պառակտվել
10-02-2020 17:26

Քարոզչամեքենան գործի է դրվել ամենաբարձր մակարդակով․Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ժողովուրդը կորոշի` մասնակցի՞, թե՞ ոչ:
«ՀՀ նախագահն ինքը թող մեկնաբանի, թե ինչու չի դիմել Սահմանադրական դատարան, իհարկե, Սահմանադրությունը նրան թույլ տալիս էր դիմելու Սահմանադրական դատարանին՝ ԱԺ որոշումների սահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նախագահն այդ տարբերակը չի ընտրել, դա նրա իրավունքն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Խոսելով իրենց խմբակցության դիրքրոշման մասին ասաց,որ քվերակության ժամանակ արդեն պատկերը պարզ էր,բայց խմբակցության հատուկ նիստ են գումարելու, քննարկելու են, ինչպես պետք է վարվեն մինչև հանրաքվեն։
Դիտարկմանը թե «Լուսավոր Հայաստա՞նն» է ղեկավարելու «Ոչ»-ի շտաբը, Տարոն Սիմոնյանը պատասխանեց՝ դեռ պետք է մտքեր փոխանակեն։

Պատգամավորը ընդգծեց, որ արդեն ամենաբարձր մակարդակով քարոզչամեքենան գործի է դրվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ համերգի ժամանակ դիմեց սփյուռքահայերին՝ կոչ անելով գալ և մասնակցել հանրաքվեին:
Իսկ ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ ժամանակացույցի պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները. պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը նշեց, որ, եթե Ազգային ժողովի 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի որոշումը և նախագահի հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է որոշելու՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին նախագիծ։

 

Արմինե Գևորգյան