Բավ է պառակտվել
14-01-2014 13:59

Սուրեն Սարգսյանի կարծիքով Քոչարյանի անունը դրական իմաստով տվողները ազգի դավաճան են

«Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, նա տասը տարի զավթեց աթոռը, և այդ ընթացքում հասցրեց պաշտոնապես վեց մլրդ ունենալ: Նա, ով դրական իմաստով կտա Քոչարյանի անունը, ազգի դավաճան է, սա է լինելու մեր տեսակետը: Քոչարյանը պետք է վերադարձնի երկրից թալանածը»,- այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» նախագահ Սուրեն Սարգսյանը:

Սարգսյանը երկրի ներքին վիճակը բնութագրում է անբարո, ըստ նրա, խամաճիկ իշխանություններին նախ հարկավոր է ազգովի ճանապարհել և առաջնորդվել հանրային շահով:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ «Դեմ եմ» նախաձեռնության քայլերը կարելի է ողջունել, բայց վերջինս արդյունավետ չէ, քանի որ «Գողից խնդրել, որ չգողանա չի լինում»:

«Փետրվարյան մեկ օր ազգովի դհոլ-զուռնով գալու ենք և իշխանությունը վերադարձնենք ժողովրդին»,-հավելեց Սարգսյանը և նշեց, որ ամեն հայ մի օր պետք է գա ու կանգնի հրապարակում, քանի որ պատերազմի գիծն արդեն ներս է անցել:

«Մենք մեր աղոթքն անում ենք Շուշիում, արել ենք և կանենք: Ազատամարտիկները բոլորովին այլ կատեգորիայի մարդիկ են: Այդ մեկ օրը կորոշենք Հայաստանի ճակատագիրը»: