Բավ է պառակտվել
10-07-2018 11:16

Քոչարյանը պնդում է, թե 2008-ին փորձել է զինվորականներին զերծ պահել քաղաքական զարգացումներին մասնակցելուց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով Մարտի 1-ի վերաբերյալ վերջերս ՀՔԾ-ում հարոցված նոր գործին, որով մեղադրանք է առաջադրվել այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին՝ պարզաբանում է, թե ինչ էր իրենից ներկայացնում ՊՆ նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանը:

«Դա ներքին փաստաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ Պաշտպանության նախարարի որոշումները Նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել», - հայտարարել է Հայաստանի պաշտոնաթող նախագահը՝ հավելելով, թե որքանով իրեն հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին:

ՀՔԾ-ն օրերս հաղորդեց, որ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Քոչարյանն այս գործով որպես վկա է հրավիրվել:

Այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, թե 2008-ի ընտրություններից հետո փորձել է զինվորականներին զերծ պահել քաղաքական զարգացումներին մասնակցելուց: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հրամանատարական կազմի հետ փետրվարի 23-ին՝ ասում էր․ - «Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս»:

Քոչարյանը շարունակում է․ - «Ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան: Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Երկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից»: