Բավ է պառակտվել
20-12-2019 15:25

Խորհրդարանի գործունեությունը համահունչ չէ «նոր Հայաստանի» ոգուն

Խորհրդարանի գործունեությունը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն: Ցավոք, մենք դեռ չենք նկատում հեղափոխական փոփոխություններ ՀՀ քաղաքացիների կյանքում, որոնք արդարացիորեն սպասվում էին նրանց կողմից: Ամփոփելով խորհրդարանի գործունեության առաջին տարվա արդյունքները, այս մասին ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Ըստ փորձագետի «Իմ քայլը» խմբակցությունը բավականին մասնատված պատգամավորների խումբ է իրենից ներկայացնում՝ այստեղ առկա են քաղաքական տարբեր հայացքներ և մոտեցումներ: Իսկ նման մեծամասնությունից դժվար է ակնկալել գործողությունների թափանցիկություն և կանխատեսելիություն.

Երկրորդ բնութագիրը, որ ըստ Ղուկասյանի այն է, Հայաստանում շարունակում է գործել որոշումների կայացման կենտրոնացված «գերհամակարգը», երբ կարևոր որոշումները կայացվում են գործադիրի կողմից, իսկ ԱԺ-ն հիմնականում հնազանդորեն հաստատում է այդ նախագծերը:
«Թվում է, թե խորհրդարանական մեծամասնությունը փորձեց որոշակիորեն անկախություն ցուցաբերել Ամուլսարի հարցում՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ գործադիր իշխանության դեմ հանդես եկող հայտարարություններ արեցին՝ աջակցելով բնապահպանների բողոքներին:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը խոսելով խորհրդարանի ներսում տիրող մթնոլորտի մասին,ասաց,որ գործնականում ոչինչ չի փոխվել.
« Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև հարաբերությունները դժվար թե կարելի է կառուցողական անվանել: Իսկ կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ բախումներ, հույզերն ու խռովկանությունը գերակշռում են և նվազագույն մակարդակի են առարկայական քննարկումները: Աստիճանաբար դառնում է պրակտիկա, որ ընդդիմադիր խմբակցությունը ստիպված է լքել նիստերի դահլիճը՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

«Այսպիսով, խորհրդարանի աշխատանքը չի կարելի անվանել արդյունավետ, այն դեռևս չի համապատասխանում թավշյա հեղափոխությունից հետո «նոր Հայաստանի» ոգուն:

Ծովինար Կոստանյանի խոսքով առավել ռադիկալ փոփոխություններ արվում են նոր իշխանության գործունեության առաջին տարում։
«Սակայն դատելով խորհրդարանի աշխատանքից կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին հազիվ թե ակնկալելի լինի իրավիճակի որևէ էական բարելավում՝ թե՛ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման, թե՛ քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման առումով», - հավելեց Ծովինար Կոստանյանը:

 

Արմինե Գևորգյան