Բավ է պառակտվել
18-02-2014 15:40

«Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը. Ր. Հովհաննիսյան

«Լիքը կարոտել եմ Ձեզ և այլևս թույլ չեմ տալու միմյանց այսքան կարոտել»,-այսպես սկսեց ազգային տարեկան ուղերձը, տևական դադարից հետո, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Անցնելով բուն ելույթին՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ ըստ նրա, «միայն միասնությամբ կա հայոց փրկություն»։ «Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամի լուծման համար: Դրա համար, թույլ տվեք, մի այլ ուղղություն առաջարկել ձեզ, սիրելի ՛ գործընկերներ, վերնագրելով հետևյալ մտքով. մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Լուիս Լամուրն ասել է՝ «կգա ժամանակ և դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է, և դա էլ կլինի սկիզբը»,-կոչ արեց նախագահի նախկին թեկնածուն: Վրջինս նաև հշեցրեց, որ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ «Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-հայտարարեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն ի լուր ամենքի նշեց, որ «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը. ՙ«Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքում»,-նշեց նա։ «Ժառանգություն» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև երկրի առջև ծառացած խնդիրներին և ասաց. «Ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը։ Չերչիլն ասում է՝ անհաջողությունը ժամանակավոր է, հանձնվելով՝ դարձնում ենք մշտական։ Այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է»,-նշեց նա և ավելացրեց, որ միջազգային հարթակում ՀՀ իշխանությունները մեկուսացրեցին Հայաստանը, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է «վասալային, փոխզիջումային գործընթացը»։ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն խոսեց նաև «գազային» համաձայնագրերից, այնուհետև՝ «ջրի երես հանված 300 մլն դոլար պարտքից», որը «ստոր միջոց էր ընտրություններին ձայներ գողանալու համար»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննսիյանը: