Բավ է պառակտվել
16-09-2022 19:02

Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն․ Ռաիսի

Իրանը մերժում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխություն, Սամարղանդում (Ուզբեկստան) ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի համար: Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելու անհրաժեշտությունը»,- Ռաիսիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Նա ընդգծել է, որ կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։

«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,-ասել է Ռաիսին։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 16-ի առավոտյան դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 135 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է Ադրբեջանի կողմից գերեվարված առնվազն 10 զինծառայողի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։