Բավ է պառակտվել
05-08-2021 11:08

Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը․ Ռայիսին՝ Փաշինյանին

Իրանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպման ժամանակ Ռայիսին նշել է, որ Իրանը կարևորում է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների մշտական զարգացումը քաղաքական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա հիմնված բազմակողմանի համագործակցությունը Իրանի հետ։

«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգն»,- ասել է վարչապետը, հավելելով, որ իր ներկայիս այցը վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու հայկական կողմի հանձնառությունը։

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։

Հայաստանի վարչապետը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։

Փաշինյանը և Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։
Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Զրուցակիցները քննարկել են նաև առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Փաշինյանը հարվիրել է Իրանի նախագահին Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։
Երեկոյան Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։