Բավ է պառակտվել
22-09-2022 20:45

Իրանի կապը Հայաստանի հետ չպետք է վտանգվի, ՀՀ անվտանգության հարցը կարևոր է. Ռաիսի (տեսանյութ)

Պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հաստակ է, և Հայաստանի հետ կապը չպետք է վտանգվի։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հավելելով, որ իր երկրի համար կարևոր է Հայաստանի անվտանգության խնդիրը։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Ռաիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

Վարչապետը հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։