Բավ է պառակտվել
19-12-2019 15:51

«Քյաբաբ–առ քյաբաբ բացահայտելու ենք»․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են՝ այսօրվա իշխանությունը հակադրվում է ընտանեկան արժեքներին: «Եկեք գույքագրենք որոշումները, ոչ թե տեքստերը: Երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականություն մեր իշխանությունն է վարում, իսկ երեխաների ապօրինի որդեգրում եղել է այն իշխանության ժամանակ, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած՝ ինչ են արել»,- մանրամասնեց վարչապետը:
Վարչապետի խոսքերով՝ երեխային ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել՝ մենք բոլորս գիտենք. «Այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր: Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարաններով, և «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար՝ ձեզ հայտնի կուսակցություններից, բնակարանաշինություն է տեղի ունեցել այս նպատակով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:

«Հիմա որ հետաքննենք, պարզենք, ու ինչ-որ բան պարզվի, մարդիկ հայտնվեն բանտում, կպարզվի՝ նրանք քաղաքական հալածյալ են հանուն ազգի: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացնում ՀՀ-ում»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 126 դպրոցի վերաբերյալ հարուցված քրեական գործերին։
Ասաց, որ տնօրենները իրենց բարեկամներին, բաջանաղներին բերել են դպրոցներում ձևակերպել են այս կամ այն հաստիք ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու։
«Ընդհանրապես, պետբյուջեի հետ կապված էսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա», - ասաց նա:
Փաշինյանը մեջբերեց հայտնի խոսքը, ըստ որի՝ խոզի գլուխը, որ դնում ես գորգի վրա, գլորվում, ընկնում է ցեխի մեջ:
«Հիմա բոլոր էն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե հնչում են արձագանքներ՝ «իմ և ընտանիքիս հետ կապված քրեական գործեր մի սկսեք, հակառակ դեպքում, ընդդիմադիր կդառնանք»:
«Ջհանդամ, թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք, այս տարի ահագին ժամանակ կլիներ մանավանդ որ, քյաբաբ առ քյաբաբի քաղաքականությունը չի կարող փոխվել որևէ պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Արմինե Գևորգյան