Բավ է պառակտվել
27-02-2020 18:43

Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար․ Սինանյան

Աշխարհում տարածված կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա անդրադարձավ հարցին, թե ինչու է ընդհանրապես բարդ հայրենադարձության գործընթացը։
«Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան բարդացված են, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ, իմ կարծիքով՝ դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո, նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»:
Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։
Սինանյանի խոսքով իր կինը նույնպես շուտով կունենա նման խնդիրներ. «Իմ կինն էլ է անհեթեթ քաշքշուկի մեջ հայտնվելու։ Նրա ծնողները ծնվել են Բուլղարիայում, նա՝ ԱՄՆ-ում, նրա ազգանունն այսօր այն չէ, ինչ ունեցել է ծնվելիս: Այդ պատճառով մի պատուհանից՝ մյուս պատուհան, մի բյուրոկրատից մյուս բյուրոկրատ պետք է վազվզի»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո այս խնդիրները չեն լուծվել, օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, որպեսզի խնդիրը լուծվեր, գործընթացը հեշտանար, Սինանյանը պատասխանեց. «Ըստ իս, որովհետեւ պետության ուշադրությունը եւ ռեսուրսը սեւեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։

Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, հետո համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որով այդ կինը մի շարք խնդիրներ էր ներկայացրել հայրենադարձության եւ երկքաղաքացիություն ստանալու գործընթացում: Փաշինյանը հանձնարարել էր պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին էլ՝ ազատել աշխատանքից։

 

Արմինե Գևորգյան