Բավ է պառակտվել
18-03-2020 17:23

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ միայն օդային ճանապարհով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ներկայացրեց այլ երկրների հետ առկա սահմանափակումները և հորդորեց զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից:
«Պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով, որոնց մեծ մասը հասանելի է նաև հավելվածների միջոցով»,- ասաց Նաղդալյանը,հավելով ,որ այն երկրներում որտեղ չկա դիվանագիտական ներկայացուցչություններ, կարող են կապ հաստատել ԱԳՆ թեժ գծով 055-62-01-11 հեռախոսահամարով, որն ունի նաև Viber և Whats App տարբերակներ»։
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ և ՌԴ միջև քաղաքացիների տեղաշարժի արգելքի ռեժիմը, սակայն դրանք չեն վերաբերում ՀՀ քաղաքացիների մուտքին Հայաստան, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու թույլտվություն:
Նաղդալյանն ընդգծեց՝ այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ Հայաստան։
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել նաև Վրաստանի կառավարության որոշումն այդ երկիր մուտքի արգելքի վերաբերյալ, բայց այն չի վերաբերում բեռնափոխադրումներին։
ԱԳՆ խոսնակը նշեց, որ կա մեկ խնդիր, որի մասին ՀՀ քաղաքացիները բարձրաձայնում են, դա Վրաստանի տարածքով Վերին Լարսի անցակետի փակումն է, ինչը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով.
«Հայաստանի քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, բայց պետք է օգտվեն օդային ճանապարհից, քանի որ Վրաստանը փակել է իր սահմաններն օտարերկրյա քաղաքացիների համար և անխափան գործում են չվերթները Ռոստովից, Պիտիգորսկից, Մինվոդիից և Մոսկվայից։
Եվս մեկ սահմանափակումը վերաբերում էր ԵՄ-ին: Նշենք, որ երեկ ԵՄ անդամ երկրների նախագահները համաձայնության են եկել, որ 30 օր ժամկետով, այդ ժամկետը կարող է նաեւ երկարաձգվել, արգելվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք: ԵՄ+ տարածքը նշանակում է ԵՄ անդամ երկրներ, Շենգենյան գոտու անդամներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն»։
Նաղդալյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ ԵՄ տարածք այցելություններից:

 

 

Արմինե Գևորգյան