Բավ է պառակտվել
26-04-2016 08:13

Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի քայլը.ՀՀ ԱԳՆ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ.-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը

Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994թ. հուլիսի զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Հատկանշական է, որ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև մեծ քաղաքական պայմանագրի կնքումը։ Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետը Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994թ․ և 1995թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես և նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար: Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց խախտումը: Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին։

Անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը և, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը: Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը։

1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: