Բավ է պառակտվել
10-03-2020 21:45

Հանրաքվեին ոչ «Այո» ասել,ոչ էլ «Ոչ»․այլ բոյկոտել

«Մենք համարում ենք, որ այս հանրաքվեն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ ե՞րբ դուրս կգանք կամ ընդհանրապես դուրս կգա՞նք, թե՞ դուրս չենք գա: Կոչ ենք անում բոյկոտել»․– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բոյկոտ» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Ըստ Չախալյանի ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը, վերջ կդրվի այն լեգիտիմությանը, որն այսօր ունի իշխանությունը և, այստեղ իրենք տեսնում ենք ծուղակ նույն իշխանությունների համար:

Վահագն Չախալյանն ասում է, թե   տեղեկություն ունի , որ պետական համակարգի աշխատողները չեն կարող չներկայանալ ընտրատեղամաս։

«Բայց եթե նրանք ստիպված գնան ընտրատեղամաս, թող քվեաթերթիկների վրա գրեն համերաշխություն, կամ իրենց ցանկությունն՝ ուղղված մեր երկրին, մեր պետությանը, մեր վարչապետին։ Մենք այստեղ վտանգ ենք տեսնում պարոն Մուկուչյանի գործողություններում, քանի որ հների ամենամեծ ներկայացուցիչը հենց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, և վտանգ ենք տեսնում, որ նա կարող է մանևրել արդյունքները՝ և «ոչ»-ը «այո» ներկայացնել։ Ուստի կոչ ենք անում քվեաթերթիկների վրա գրառումներ անել, որ դրանք անվավեր համարվեն։»,- տեղեկացրեց Չախալյանը։

Բոյկոտին» սատարող մեկ այլ՝ «Կամք» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ հիշեցնում է պատմությունը եւ հորդորում Հանրաքվեի ժամանակ պահպանել համերաշխություն ու դուրս չգալ արժեքներից, քանի որ դա ճակատագրական ավարտ կարող է ունենալ. 

Նախաձեռնությունում համոզված են, որ հանրաքվեն հակաօրինական է եւ մեծ վտանգներ է պարունակում իրենից ու այն մեզ կմտցնի մի շրջափուլի մեջ, որից դժվար կլինի դուրս գալը։

Այս   հանրաքվեն պետք է բոյկոտել, քանի որ այն անօրինական է եւ դա շատ վատ տեղ է մեզ տանում՝ ասաց նախաձեռնության անդամներից Հմայակ Մկրտչյանը։  «Երկրից դուրս էլ եվրոպական կառույցները էս դրվագը դիտարկելով... էն 2018 թ.-ի մեր պետության ստեղծած ժողովրդավարական իմիջը կարող ա շատ վատ արձագանք ստանա եւ մեր երկիրը դասվի էնպիսի երկրների շարքում՝ հավասարության նշան դրվի, որտեղ դատական իշխանության հանդեպ կան ճնշումներ»։

Լրագրողները փորձեցին հստակեցնել նրանց կոչը՝ հարցնելով, թե ի վերջո, «ոչ» ասելո՞ւ են այս ամենին, թե՞ ոչ:

 «Ես անձամբ ընտրության չեմ գնալու, գուցեև բացակայեմ երկրից: Եթե այստեղ էլ լինեմ, էլի չեմ գնա, չեմ մասնակցի, որովհետև վերջին 30 տարվա մեջ այնպես ստացվեց, որ մեր սերնդի մասնակցությունը որևէ էական բան չփոխեց»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

«Ոչ»-ի կողմում թեպետ ակտիվ քարոզչություն չկա, ինչի մասին նրանք հայտարարել էին ի սկզբանե, սակայն, այս կողմում շեշտում են, որ իրենք հետեւելու են խախտումներին եւ հրապարակելու են դրանք։

Այսօր էլ «Ոչ»-ի շտաբը հերթական հայտարարությունն է տարածել։           

«Ոչ»-ի քարոզչության կողմն այսօր հայտարարություն տարածեց՝ արձագանքելով «Այո»-ի այսօրվա քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների։ «Ոչ»-ի քարոզչության կողմը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին կենտրոնանալ «Այո»-ի քարոզարշավի վրա, քանի որ իրենք քաղաքական հակառակորդ չեն։ Մեջբերում ենք «Ոչ»-ի շտաբի տարածած հայտարարությունից. «Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է: Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա: Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու ենք  դրանք»:

         

 

Արմինե Գևորգյան