Բավ է պառակտվել
19-03-2022 17:23

Երևանի խիստ արձագանքը․ ԱԳՆ-ն պահանջել է ՄԱԿ-ից վերականգնել չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն Շուշիում (Ադրբեջանի կողմից օկուպացված քաղաք Արցախում - խմբ.) կազմակերպված միջոցառմանը Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Ստեփանակերտի դիրքորոշումը

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն զգուշացրել էր ՄԱԿ-ին հեղինակազրկման ռիսկերի մասին՝ Շուշիում ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու դեպքում։

«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը»,– ասվում էր Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունում։