Բավ է պառակտվել
27-01-2016 16:54

ԵԽԽՎ-ի բանաձևի ընդունումը ոչ եզակի դրվագ է դիվանագիտական մենամարտում

«ԵԽԽՎ-ի կողմից ընդունված զեկույցը մարդասիրական խնդիրներ վերհանելու միջոցով հարվածի տակ է դնում հայկական կողմերի քաղաքական պահվածքի իրավաչափությունը»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյնանն ու հավելեց, որ սա մեծ հաշվով, կոչված է ընդգծել, որ Հայաստանը ագրեսոր պետություն է, իսկ արցախյան հիմնախնդիրն էլ ոչ թե ինքնորոշման հարց է, այլ տարածքային վեճ: «Այս բանաձևն ամրապնդում է Ադրբեջանի փաստարկային բազան և ժամանակի մեջ այս կարգի քաղաքական ձեռքբերումները քանակական աճ ունենալով կարող են հանգեցնել որակական փոփոխությունների ի վնաս հայկական կողմերի շահերի»,-նշեց քաղաքական գործիչը: Բանաձևի ընդունումն, Արման Մելիքյանի խոսքով, առանձին, բայց ոչ եզակի դրվագ է տարիներ շարունակ ընթացող դիվանագիտական մենամարտում: «Հայկական կողմերը պետք է էական վերանայումների ենթարկեն սեփական քաղաքական, դիվանագիտական մոտեցումները, դրանք համալրեն նոր գաղափարներով, որոնք հնարավորություն կտան մեր պահվածքի թույլ կողմերը վերածել հակազդեցության հզոր լծակների»,-համոզմունք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը: Ամփոփելով ՝զրույցը Արման Մելիքյանը նշեց, որ դրանք վաղուց մշակված են փորձագիտական մակարդակում, սակայն անհայտ պատճառներով տեղ չեն գտնում վարվող քաղաքականության շրջանակներում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ում կայացել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ 98 պատգամավոր կողմ է քվեարկել զեկույցին, 71-ը՝ դեմ, 40-ն էլ ձեռնպահ են մնացել։ Բանաձեւի նախագիծն ընդունվել է։
Տաթև Առաքելյան