Բավ է պառակտվել
15-11-2018 14:17

Ընտրությունների արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվերակության արդյունքներով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշել է դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հիմնական չափանիշները։

“Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրությունները, և այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ”,- ասել է Փաշինյանը:

Այս ենթատեքստում նա նշել է ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ որոշ հին ավանդույթների վերացումը, երբ այդ օրերին հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր նախընտրական պրոցեսների մեջ:
“Պետք է լիովին բացառել այս ընտրություններում նման հնարավորությունը և արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական կամ ստորակարգության լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու”,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ քաղաքացիների որոշումը պետք է ձևավորվի քարոզչության և քաղաքական բովանդակության արդյունքում, իսկ քաղաքացիների ընտրության մեխանիզմները և ազատ կամարտահայտությունը պետք է հիմնված լինի քարոզարշավի վրա, նրանք պետք է դառնան քաղաքական բովանդակության մասնակից և ապա նոր որոշեն, ում օգտին քվեարկել։

“Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվերակության արդյունքներով”,-ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ այս ընտրություններին կբացառվի անգամ մեկ քվեաթերթիկի սխալ հաշվարկն, ընդ որում՝ ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ֆորմատով, ինչն առավել արդիական է, հաշվի առնելով վարկանիշային համակարգը, և խախտումներ անելու բոլոր փարձերը կունենան իրավական հետևանքներ։

Նրա խոսքերով, խնդիրներից մեկն է նաև ընտրակաշառքը, ինչի առնչությամբ համոզմունք է հայտնել, որ իրավապահ մարմինները, ոստիկանությունը և քննչական մարմինները պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլ նաև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթը։

“Այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ, և եթե արձանագրվի՝ կհետևի ամենակոշտ հակազդեցությունը։ Ընտրողի կամքի վրա փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձ կունենա իրավական հետևանք”,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ իշխանությունը կապահովի իրապես առողջ մրցակցություն, ընդգծելով, որ ընտրողների հետ քաղաքական ուժերի հանդիպումներ կազմակերպելու համար չպետք է լինեն սահմանափակումներ։
Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա պատասխանատվությունը, նրա խոսքերով, առաջին հերթին կրում է ոստիկանությունը։

“Դեպքեր են եղել, երբ ընտրողների միգրացիա է տեղի ունեցել այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Նման երևույթները պետք է բացառվեն, և ես վստահ եմ, որ մենք համարժեք միջոցներ կձեռնարկենք: Մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ, և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստին պատգամավորները չեն ընտրել վարչապետ երկրորդ անգամ և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվել է։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ ընտրությունների օրը է նշանակել 2018թ. դեկտեմբերի 9-ը: