Բավ է պառակտվել
24-11-2015 13:40

Մենք ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում. Ռ. Կիրակոսյան

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Փարիզում: Սակայն Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն առանձնապես սպասելիքներ չունի այս հանդիպումից:  «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով կլոր-սեղանին նա հայտարարեց. «ՀՀ-ն չունի խաղաղության համար բանակցող գործընկերներ: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները իրենց քաղաքացիական հասարակությանը ծանր հարված հասցրին, հիմա նրանք թիրախավորում են իրենց ուժային կառույցները: Հակահայկական քարոզչությունն աճում է՝ զուգակցվելով ռազմական գործողություններով ոչ միայն ուղղված դեպի Հայաստանը, այլև ԼՂՀ-ն»:
Պարոն Կիրակոսյանի կարծիքով՝ ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում: Ըստ նրա՝ այս հարցում քաղաքական կամքի սղության պայմաններում ԵԱՀԿ համանախագահները միայն այսքանը կարող են անել: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները կարող են արդարացված լինել այն հանգամանքով, որ այս երկիրը հիասթափված է, բայց մյուս կողմից՝ դրա պատճառը հենց այդ երկրի վարած մաքսիմալիստական քաղաքականությունն է: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնեց, թե ապրում ենք լայնամասշտաբ պատերազմի պայմաններում, քանի որ ըստ նրա՝ իրավիճակը այժմ և 1990-ականներին տարբերվում է: Ըստ նրա՝ մաքսիմալիստական քաղաքականություն են վարում ոչ միայն Ադրբեջանը, այլև հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը. «Ադրբեջանն ասում է, որ մենք պատրաստ ենք կոմպրոմիսի, բայց այն պայմանով, որ վերադարձ կատարվի դեպի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավիճակ: Մեր կողմից հնչում են հայտարարություններ, թե չենք զիջելու մեկ թիզ հող»: Այս պարագայում նա հիշեցրեց այն, ինչի մասին խոսում են համանախագահները՝ հրադադարի ռեժիմի պահպանում և այլն. «Սա նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն հավերժ»: