Բավ է պառակտվել
29-03-2022 20:21

Ռուսաստանն ակտիվորեն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ Ռուսաստանն ակտիվորեն կնպաստի է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական սահմանի սահմազատման և սահմանագծման և տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ», - երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին խիստ համապատասխան։

«ՌԴ ԱԳՆ-ի միջոցով մենք մշտական ​​կապի մեջ ենք Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ, և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ արդի տեղեկատվություն ամեն օր հրապարակվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Երևանի դիրքորոշումը Բաքվի հետ պայմանագրի վերաբերյալ

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևավորվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Բաքվից ստացված փաստաթուղթը, որում նշվում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման Ադրբեջանի 5 սկզբունքը։

Նա նշել է, որ առաջարկություններում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ամբողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքորեն կարևոր է, որ արցախահայության իրավունքներն ու ազատությունները հստակ երաշխավորվեն, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների և հիշեցրել, որ ՀՀ ԱԳՆ-ն խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կազմակերպել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։