Բավ է պառակտվել
19-10-2021 12:25

Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության երաշխավորն է և Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը․ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Այս մասին ասվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ անի ուղերձում:

«Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ 2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ»,- ասվում է վարչապետի՝ կառավարության մամլո ծառայության կողմից տարածած ուղերձում։

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից նա մասնավորապես առանձնացրել է համավարակի դեմ պայքարի պայմաններում Հայաստանի համար հատկապես կարևոր Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:

«Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում»,- ընդգծել է Փաշինյանը։