Բավ է պառակտվել
18-07-2022 20:15

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ԱՀԾ ստեղծելու հարցում․ Նարիշկին

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու հարցում։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին է ասել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նա միաժամանակ նշել է, որ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:
«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել, քանի որ մենք ունենք ընդհանուր խնդիրների մեծ ծավալ, որոնք պետք է լուծենք»,- նշել է Նարիշկինը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն։ Կառավարությունը խորհրդարանական քաղաքական թիմի հետ համատեղ իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ երեք ուղղություններով, որոնցից երկուսը վերաբերում են ոստիկանության, ինչպես նաև պաշտպանության նախարարությանը և Զինված ուժերին։