Բավ է պառակտվել
14-12-2022 16:47

ՌԴ-ն հայտարարություն է պատրաստում Լաչինի միջանցքի փակելու հետ կապված. Սիմոնյան

Ռուսաստանը հայտարարություն է պատրաստում Լաչինի միջանցքի փակելու հետ կապված։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ասել է Սիմոնյանը:

Լաչինի միջանցքում և Արցախում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են երկրի 120 հազար բնակչի իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմից իբր «էկոլոգիական նկատառումներով» երկկողմանի արգելափակված է։ Արդյունքում ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու ուղղությամբ։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչի արդյունքում հանրապետությունն անցել է ռեսուրսների առավելագույն խնայողության ռեժիմի՝ բենզինի, դիզվառելիքի և գազի դեֆիցիտի պատճառով։